իՆՉՈՒ՞ ԿՈՎԿԱՍ
Կովկասը գերազանցապես լեռնային երկիր է Եվրասիա մայրցամաքի եվրոպական մասի հարավ-արևմուտքում: Տարածությունը 440 հզ. կմ2: Մեծ Կովկասյան համակարգի ջրբաժան գծով Կովկասը բաժանվում է երկու մեծ մասի՝ Հյուսիսային Կովկաս և Հարավային Կովկաս: Հարավային Կովկասի կազմում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:
Կովկասը մարդկության ամենահին բնակավայրերից է: Մասնավորապես՝ Հայաստանում հայտնաբերվել են վաղ քարի դարի բազմաթիվ բնակատեղիներ: Արդեն մ. թ. ա. I հազարամյակի սկզբին այստեղ կազմավորվել են պետություններ: Էթնիկական և լեզվական առումով Կովկասն ունի բարդ կազմ: Այստեղ ապրել են 2 լեզվաընտանիքների (Կովկասյան կամ իբերա-կովկասյան և հնդեվրոպական) լեզուներով խոսող մոտ 50 ժողովուրդ: Այդ հանգամանքն իր հերթին պայմանավորել է մշակույթների, սովորույթների, ավանդույթների ու ազգային խոհանոցի մեծ բազմազանություն:
հԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ
2003 թ. մարտի 26-ին Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները համահիմնադրել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունը՝ «Կովկաս» պանդոկով: 2012 թ. Բացվել է«Կովկաս» ռեստորանային համալիրը և հինգաստղանի հյուրանոցը: «Կովկաս» ռեստորանային համալիրի հիմնադիրների ցանկությունն է եղել ոգեկոչել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր նախնիների հյուրասիրության դարերով ամրագրված ավանդույթներն ու սովորույթները, կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն ու ճաշատեսակները: Այստեղի խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը կովկասյան խոհանոցի ավանդական բաղադրատոմսեր են՝ օգտագործելով միմիայն բարձրորակ սննդամթերք ու համեմունք:
Սակայն, լինելով սպասարկման ոլորտում, «Կովկաս» ռեստորանային և հյուրանոցային համալիրը չի սահմանափակվում այդ գործառույթով: Այն միևնույն ժամանակ միտված է հատկապես օտարերկրյա հյուրերին լավագույնս ծանոթացնել հայոց պատմությանը, իսկ տեղացիներին՝ կրկին հիշեցնել և ոգեկոչել հայոց փառավոր նախնիների անցած ճանապարհը:
Նախևառաջ այս նպատակով է, որ «Կովկաս» ռեստորանային համալիրը բաղկացած է հայոց չորս արքայատոհմերի անունները կրող շքասրահներից: Յուրաքանչյուր սրահ արտահայտում է իր դարաշրջանի ոգին և ձևավորված է տվյալ ժամանակահատվածը բնութագրող նկարներով ու որմնանկարներով: Համահունչ մթնոլորտ ու կոլորիտ ստեղծելու նպատակով օգտագործվել է միայն բնական շինանյութ` քար, գլաքար, աղյուս, կավ, երկաթ, փայտ, կտավ, եղեգն ու ծղոտ: Ջահերը, կանթեղները, ճաղերը, անգամ դռների նիգերն ու բռնակները դարբնի աշխատանք են:
Կարելի է ասել, որ «Կովկասը» մի փոքրիկ պատմություն է: Հայի տեսակի, նրա ստեղծագործ ոգու, կենսակերպի, փառահեղ մշակույթի, ռազմարվեստի ու արհեստների մասին պատմող գունեղ ու հետաքրքիր պատմություն: